Սալվադորում կայացած նախագահական ընտրություններում 53% հավաքած պահպանողական թեկնածուն իրեն նախագահ է հայտարարել

10:57 • 04.02.19

Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորի նախկին քաղաքապետ, Հանուն ազգային միասնության մեծ դաշինքի թեկնածու (GANA) 37-ամյա Նայիբ Բուկելեն երկրի նախագահական ընտրություններում գրեթե 53% ձայն է հավաքել, հաղորդում է BBC-ն:

Ըստ ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների՝ հաշվարկվել է ավելի քան 1,8 մլն քվե (ընտրողների 34,4%-ը), որի արդյունքում Բուկելեից հետո 32,08%-ով երկրորդ տեղում է Ազգայնական հանրապետական Արենա դաշինքի կողմից առաջադրված Կառլոս Կալյեխան:

«Արդեն կարելի է վստահաբար ասել, որ հաղթել ենք ընտրությունների առաջին փուլում: Մենք պատմություն կերտեցինք»,- հայտարարել է Բուկելեն՝ շնորհակալություն հայտնելով իր օգտին քվեարկածներին:

Երկրում քվեարկելու իրավունք է ստացել մոտ 5,2 մլն մարդ, իսկ ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա քվեների 50%-ից ավելին, հակառակ դեպքում մարտին կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ Սալվադորում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: