Էստոնիայի վարչապետին տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել Լատվիայում վայրէջք կատարել և Էստոնիա է վերադարձել

16:51 • 04.02.19

Էստոնիայի վարչապես Յուրի Ռատասին տեղափոխող ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որտեղ այսօր նախատեսվում է Բալթյան երկրների վարչապետների ոչ պաշտոնական հանդիպումը, գրում է РИА Новости-ն:

Արդյունքում Էստոնիայի վարչապետը մայրաքաղաք Տալլին է վերադարձել: Հանդիպման ժամանակ նրան կփոխարինի Լատվիայում Էստոնիայի դեսպան Արթի Հիլպուսը:

Այսօր Լատվիայի մայրաքաղաքում երկրի նորանշանակ վարչապետ Կրիշյանիս Կարինշի գլխավորությամբ տեղի կունենա Բալթյան երկրների նախարարական խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում կքննարկվեն Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հարցը, ներքին շուկայի ապագան և Եվրամիության երկարաժամկետ բյուջեն, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տրանսատլանտյան հարաբերությունները: