Իսրայելում մզկիթի ծառայողին աշխատանքից ազատել են՝ մարզասրահում արված լուսանկարների պատճառով (լուսանկար)
Իսրայելական Աքրա քաղաքում մզկիթի՝ մուսուլմաններին պարտադիր աղոթքի կանչող ծառայողին ազատել են աշխատանքից, երբ նա համացանցում է հրապարակել մարզասրահում արված իր լուսանկարները, գրում է The Telegraph պարբերականը:
Լուսանկարները, որոնցում Իբրահիմ ալ Մասրին մկանները ցուցադրող շապիկով է, արվել են 2017 թ.-ին՝ բոդիբիլդինգի մրցումների ժամանակ:
«Երբեք չէի պատկերացնի, որ նման բան կարող է պատահել: Ես գիտեմ, որ Իսրայելը ժողովրդավարական երկիր է, և եթե որևէ մեկը սխալվում է, այդ սխալն ուղղում են, ոչ թե փոխարինում մեկ այլ սխալով»,- ասել է Իբրահիմը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր սպորտաձև, այդ թվում և բոդիբիլդինգը, իրեն հատուկ մարզաշապիկ ունի:
Իսրայելի ներքին գործերի նախարարությունը, որը զբաղվում է երկրում ոչ հրեական կրոնական հաստատությունների վերահսկմամբ, ասել է, որ տղամարդուն աշխատանքից ազատել են օրենքի համաձայն: Որոշումը կայացվել է մի պաշտոնյայի կողմից, որը նման առաջնությանը մասնակցելը կրոնական ծառայողի համար խիստ անվայել է համարել:










