Էստոնիան Խուան Գուաիդոյին ճանաչել է Վենեսուելայի նախագահ
Էստոնիայի իշխանությունները ճանաչել են վենեսուելական ընդդիմության առաջնորդ, իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյին որպես երկրի նախագահ, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Էստոնիայի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությանը:
Էստոնիայում այս որոշումը բացատրում են նրանով, որ Վենեսուելայում անցած նախագահական ընտրությունները, որոնցում հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին և լեգիտիմ համարվել չեն կարող:
«Դրանից ելնելով՝ Էստոնիան, ինչպես և շատ այլ ժողովրդավար երկրներ, ճանաչում է Խուան Գուաիդոյին Վենեսուելայի նախագահ»,- ասված է Էստոնիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Վենեսուելայում երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են ծավալվում:
ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ճանաչել են Գուաիդոյի ժամանակավոր իշխանությունը երկրի նախագահի պաշտոնում, մինչդեռ Ռուսաստանը, Բոլիվիան, Իրանը, Թուրքիան և այլ երկրներ Մադուրոյին համարում են երկրի օրինական, ժողովրդավարական կարգով ընտրված նախագահ:










