Գուաիդոն շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ իրեն Վենեսուելայի նախագահ ճանաչելու համար

22:08 • 04.02.19

Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն շնորհակալություն է հայտնել Եվրամիության անդամ երկրներին՝ իր կարգավիճակը ճանաչելու համար, այս մասին վենեսուելական ընդդիմության առաջնորդը խոսել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Մենք միասին կհասնենք ուզուրպացման դադարեցմանը, անցումային կառավարության ստեղծմանն ու ազատ ընտրությունների կազմակերպմանը՝ մեր երկիրը փրկելու համար», - գրել է Գուաիդոն:

Ավելի վաղ Գուաիդոն կոչ էր արել ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Վենեսուելայում երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են ծավալվում:

ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ճանաչել են Գուաիդոյի ժամանակավոր իշխանությունը երկրի նախագահի պաշտոնում, մինչդեռ Ռուսաստանը, Բոլիվիան, Իրանը, Թուրքիան և այլ երկրներ Մադուրոյին համարում են երկրի օրինական, ժողովրդավարական կարգով ընտրված նախագահ: