Կատարում ՀՀ դեսպանություն կստեղծվի, դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար

18:20 • 05.02.19

Կառավարության հերթական նիստը հինգշաբթի օրվա փոխարեն կլինի վաղը՝ չորեքշաբթի: Օրակարգում ընդգրկված հարցերից է Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։

Ըստ հիմնավորման՝ երկու երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ Կատարի Պետությունում (նստավայրը՝ Դոհա) բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն՝ նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի և Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը։

Կատարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Կատարի Պետության դեսպանություն:

Նշվում է նաև, որ կատարական կողմը պատրաստ է տրամադրել տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար)՝ երեք տարի տևողությամբ,ՀՀ դեսպանության համար տարածք և դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:

Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարն առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինանսավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև դիվանագետի բնակարանի վարձը: