«Նախարարը համբերություն պահանջեց». Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ու Չավուշօղլուն Անկարայում քննարկել են Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցը
Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ նախօրեին Անկարայում տեղի ունեցած հանդիպումը տևել է մոտ 1 ժամ:
Ինչպես տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքից, հանդիպումը ծրագրված է եղել նախապես:
Հայտնի է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանն ու Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նշվում է, որ քննարկման ընթացքում նախարար Չավուշօղլուն հայտնել է, որ տեղյակ է Պոլսո Հայոց պատրիարքի ձգձգվող ընտրության հետ կապված խնդիրների մասին: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ իրենք հետևում են Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցող անցուդարձին:
«Նախարարը համբերություն պահանջեց՝ բարվոք լուծում գտնելու համար», - ասված է պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն ավելի քան 10 տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ, նրա փոխարեն պատրիարքի լիազորությունները պետության որոշմամբ ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ որպես պատրիարքի փոխանորդ: Ստամբուլահայ համայնքը, սակայն, երկար տարիներ պահանջում է նոր ընտրությունների անցկացում՝ ցանկանալով անձամբ ընտրել իր հոգևոր առաջնորդին:










