Եզդիաբնակ շրջանը կդառնա առանձին նահանգ. Իրաքյան Քրդստանի վարչապետ

18:49 • 05.02.19

Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ շրջանին հարակից եզդիաբնակ Սինջարի (Շենգալ) շրջանը դառնալու է առանձին նահանգ, այս մասին գրում է քրդական Rudaw գործակալությունը:

Իրաքյան Քրդստանի ղեկավարը նշել է, որ այս հարցով իրենք արդեն համապատասխան աշխատանքներ են տանում Բաղդադի հետ:

Բարզանին նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հասցրած մեծածավալ վնասներից հետո եզդիաբնակ Սինջարի վերակառուցման համար իրենք աշխատում են Իրաքի վարչապետ Ադիլ Ադուլմեհդիի հետ՝ համագործակցելով նաև միջազգային հանրության հետ:

«Մենք չենք մոռանա եզդիների ողբերգությունը: Այդ հարձակումներից 3342 եզդի է փրկվել, սակայն 3075-ը դեռևս անհայտ կորած են», - ասել է Բարզանին՝ նշելով, որ իրենք շարունակելու են փնտրել նաև գերության մեջ գտնվող կամ կորած եզդիներին: