Բարձրաձայնելու ենք խնդիրն ինչպես երկկողմ հանդիպումներին, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում. Աննա Նաղդալյանը՝ Ադրբեջանին իսրայելական անօդաչուների վաճառքի մասին

13:59 • 05.02.19

Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է եղել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց  ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանին իսրայելական անօդաչուների վաճառքին:

«Բարձրաձայնելու ենք այս խնդրի մասին ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Այս հարցը ևս բացառություն չի լինելու: Պետք է ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինում սահմանված արգելքն ու իսրայելական Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը:

Հիշեցնենք նաև, որ երկրի ՊՆ-ն կասկածել էր, որ 2017 թվականին Aeronautics Defense Systems Ltd.-ն իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելիս այն ընդդեմ հայկական զինուժի է կիրառել: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել: