Գնահատվելու են բուհերի գիտահետազոտական կենտրոնների արված աշխատանքները, ըստ դրա կառաջարկենք՝ 2020-ից ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի. ԿԳ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շրջանառության մեջ են դնելու նախագիծ, որով գնահատվելու են բուհերի գիտահետազոտական կենտրոնների արված աշխատանքները, պոտենցիալը:
«Ըստ այդ վարկանիշավորման՝ կառաջարկենք, որպեսզի 2020-ից ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի: Երևի հենց այսօր շրջանառության մեջ կդրվի: Ինձ մոտ նախագիծն արդեն կա», - ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ նման որոշում ընդունելուց հետո ԿԳ նախարարը որոշեց մեկ այլ նախագիծ ներկայացնել, և տպավորություն է, որ նախարարությունը մեղայական եկավ՝ ուղղելով սխալները, Արայիկ Հարությունյանն ասաց. «Սա կռիվ չէ, որպեսզի մեղայականով լինի: Քննարկումներ կան, հասարակության ձայնը երբ լսում ենք, ասում եք՝ ինչո՞ւ եք մեղա գալիս, երբ չենք լսում, ասում եք, որ բիրտ ուժ ենք կիրառում»:
Tert.am-ի հարցին, թե գիտության ոլորտում որևէ խնդիր Ձեզ հաջողվել է լուծել, քանի որ խնդիրները գնալով ավելանում են, և ինչպե՞ս եք գնահատում այսօր գիտության ոլորտը, նախարարը պատասխանեց, որ երբ կընդունեն չափման արդյունավետությունը, դա ուղիղ դրական առումով ազդեցություն կունենա գիտության ոլորտում:
«Մենք ունենք բավական մտահոգիչ վիճակ, բայց այն գործողությունները, որ մենք արել ենք վերջին ամիսներին բուհ և գիտական ոլորտներ համագործակցության համար, շատ խորը համոզվածություն ունենք, որ դրական ազդեցություն են ունենալու գիտության վրա»,-ասաց նա:










