Մեզ մոտ բացառված են պարգևավճարները, բավականին շատ պարտքեր ունենք. Արթիկ ԲԿ-ի տնօրեն

20:39 • 06.02.19

Մեզ մոտ բացառված են պարգևավճարները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արթիկ ԲԿ-ի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը՝ հերքելով այն լուրը, թե իրենց մոտ բարձր պարգևավճարներ են տրվել:

Նշենք, որ Tert.am-ին դիմած քաղաքացին հայտնել էր, որ վերոնշյալ բժշկական կենտրոնում խոշոր պարգևատրումներ են արվել՝ չնայած բուժանձնակազմին չի վճարվել դեկտեմբեր ամսվա աշխատավարձը:

Tert.am-ի հետ զրույցում ԲԿ- տնօրենն ասաց, որ իրենց մոտ նման երևույթները բացառված են: «Մեզ մոտ բացառված են այդ երևույթներն այն բանի պատճառով, որ մենք ունենք բավականին շատ պարտքեր: Ճիշտ է`պարգևատրման արժանի բավականին շատ  աշխատակիցներ ունենք, որոնք նվիրված, երկար տարիներ աշխատում են, բայց մեր ֆինանսատնտեսական վիճակը թույլ չի տալիս, որ նման բաներ մեզ թույլ տանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը չվճարելուն, Բաբիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ դեկտեմբերի 15 օրվա համար աշխատավարձերը վճարվել են: «Դեկտեմբերի 15-ը ներառյալ պետությունը գումարը փոխանցել է, իսկ դեկտեմբերի 15-ից հետո աշխատավարձի գումարը մտնում է 2019 թվականի բյուջեի մեջ: Այսինքն՝ դեռ ֆինանսավորում չի եղել: Ֆինանսավորումը պետությունից ստանալու ենք փետրվարին: Հունվար ամսվա ամբողջ աշխատավարձը և դեկտեմբերի այդ 15 օրվանը միանգամից ենք վճարելու»,- պարզաբանեց նա:

Վերջինս վստահեցրեց, որ բոլոր աշխատակիցներն իրազեկված են, թե ինչու են այդքան ստացել աշխատավարձը և մինչև այսօր իրեն ոչ ոք չի դիմել` ինչու է այդպես ստացվել: «Մինչև փետրվարի 15-ը հավանաբար այդ հարցերը լուծված կլինեն, մեր պատճառով ուշացում երբեք չի լինում»,- հավաստիացրեց նա:

ԲԿ-ի տնօրենը պարզաբանեց, որ այդպես միայն իրենց մոտ չէ, և որ դա գլոբալ խնդիր է: «Այնպես չէ, որ մենք խնայողություններ ունեինք ու չենք վճարել աշխատավարձերը, եթե խնայողություններ լինեին, կվճարեինք»,- նշեց նա և հավելեց. «136 աշխատող ունենք, և գումարն էլ քիչ չէ: Հիմնականում ոչ մի բուժհաստատություն չունի նման խնայողություններ, որ առանց պետական ֆինանսավորման հնարավոր լինի աշխատավարձ վճարել»:

Նա նշեց, որ մանրամասն ուսումնասիրել է պարտքերի գոյացման պատճառները: «Հիմնական պատճառն այն է, որ ավելի շատ բարձր աշխատավարձ է եղել,  քան պետական կատարողականն է: Տարիների ընթացքում են կուտակվել այդ պարտքերը: Ես ընդամենը երկու ամիս է, ինչ նշանակվել եմ տնօրեն: Ամեն դեպքում մենք ֆինանսատնտեսական փոփոխություններ ենք արել, որի արդյունքում հնարավոր կլինի ոչ շատ շուտ, ոչ էլ շատ ուշ այդ պարտքերը վճարել, նաև ունենք վճարովի ավելացրած ծառայություններ, որոնց հաշվին հնարավոր կլինի և՛ խնայողություն անել, և՛ կուտակված պարտքերը մարել, և՛ որոշակի բարեկարգման աշխատանքներ տանել»,- ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով` ինքը չի նշանակվել ԲԿ տնօրեն, որ տեսնի, թե նախկինում ինչպես է աշխատել հիվանդանոցը: «Ընդունել եմ այն բազան, որը փոփոխելով գնալու ենք դեպի բարելավման»,- շեշտեց նա: