«Ինչո՞ւ մենք ամեն շաբաթ 1-4 դպրոցի վերանորոգման հարց չենք լուծում». ըստ վարչապետի՝ դպրոցների սեյսմակայունության բարձրացման տեմպը պետք է արագացնել (տեսանյութ)
Այսօր տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց նախագիծ, որի արդյունքում սեյսմիկ անվտանգ դպրոցներ կունենանք:
Նա նշեց, որ նախագիծը պայմանավորված է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենք շինությունների քանդման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ իրականացնելու անհրաժեշտությամբ:
Նախարարը նշեց, որ ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում են Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Երևանի Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Երևանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի և Երևանի «Հերացի» ավագ դպրոցի ուժեղացման աշխատանքների նախագծման աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի նախագծային աշխատանքները: Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թվականին:
Ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն, այս նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն:
Կառավարության որոշման ընդունման դեպքում հնարավոր կլինի իրականացնել ծրագրի շրջանակներում ընդգրկված թվով 6 դպրոցական շենք-շինությունների քանդման աշխատանքների իրականացումը՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ հաստատված կա ընդհանուր 46 դպրոց, և ընտրել են առավել խոցելիները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 80 միլիոն դոլարի վարկային ծրագիր ունեն, ինչը ոչ բոլորին է բավարար: Նա հարցրեց, որ եթե գումար ունեն, դպրոցներ ունեն ևս, ապա ինչո՞ւ են այս տեմպով առաջ գնում:
Փաշինյանը նշեց, որ տեմպը մեծացնելու խնդիր ունեն, իսկ նախարարը պատասխանեց, որ համաֆինանսավորման խնդիր կար: «Ինչո՞ւ մենք ամեն շաբաթ մեկ դպրոցի, երեք-չորս դպրոցի հարց չենք լուծում, ինչո՞ւ բոլորի ուղղությամբ չենք գնում առաջ, պետք է առաջ գնալ առանց քննարկման, պետք է համաֆինանսավորման աղբյուրներ գտնել և գնալ առաջ»,-ասաց Փաշինյանը:
Բացի այդ վարչապետը կարևորեց, որ որակի նկատմամբ վերահսկողությունը բարձր լինի: «Մի քանի տեղեր, որ մտնում ես, ավարտական կառույցի գլխին ոնց որ գրված է՝ պետական շինարարություն, այսինքն՝ պետական շինարարությունը մեր ընկալումներում չի փոխվում, որ պետական շինարարություն է, կարող մի քիչ ծուռ լինել, գույնն այն չլինի, իսկ երբ սեփական շինարարություն է, ամեն անկյունը «ծյունինգ» արած պետք է լինի, այս տրամաբանությունը պետք է փոխենք: Պետք է փոխենք, թե հա դե դպրոց է, մեկ է՝ երեխեքը քանդելու են. դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան»,-ասաց նա:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ վերանորոգած դպրոցները երեխաները չեն քանդում: «Դուք ձեր բարձրության վրա եք, երեխաներին պաշտպանեցիք»,- արձագանքեց վարչապետը:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ հավելեց, որ սեյսմիկ կայունության խնդիր շատ դպրոցներն ունեն, և այդ թիվը տասն անգամ ավելի է, և 400-ի մասին է խոսքը: «Եթե տեմպը սենց գնա, հետ կընկնենք»,-ասաց նա: Իսկ վարչապետն ավելացրեց, որ այս տեմպի դեպքում չեն հասցնի, և մյուսներն էլ կգան, կանցնեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը բարձրացրեց թեքահարթակների խնդիրը: «Այն դպրոցները, որոնք հարմար են հաշմանդամություն ունեցող անձանց, հարմար են բոլորին»,-ասաց նա, ինչի հետ համաձայնեց վարչապետը:










