Դեռևս խնդրի ծավալը և խորությունը պարզ չեն, բայց սեղմ ժամկետում հասկանալու հանձնարական կա. Շիրակի նորանշանակ մարզպետը՝ անօթևանների խնդրի մասին
Վարչապետի կողմից հանձնարարական հնչեց կենտրոնում պահել որպես առաջնահերթություն մարզի սոցիալ-տնտեսական վիճակը և որպես հիմնական գործիք ներդրումային ֆոնդի բարելավումը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Անդրադառնալով անօթևանների խնդրին՝ նորանշանակ մարզպետն ասաց, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որտեղ Շիրակի մարզպետարանը ևս ներգրավված է, և վարչապետի կողմից հստակ հանձնարարական կա՝ շատ հետևողական և սեղմ ժամկետում հասկանալ վերջապես խնդիրը:
«Ապրելով Գյումրիում, նաև ժամանակին այդ հարցերով ուղղակիորեն և անուղղակիորեն զբաղվելով՝ մեզ համար դեռևս, ցավոք, խնդրի ծավալը և խորությունը պարզ չեն, և երբ հասկանանք, թե հստակ ինչ պատկեր ունենք, ըստ դրա, կարձագանքենք»,-ասաց նա:
Նա նշեց, որ տեղեկությունը շատ մասնակի է, և մարդ կա, որ բարեկեցիկ վիճակից անցնում է տնակային ավաններ, և դա շարունակական պրոցես է: «Տնակներում ունենք դեպքեր, որ մոտ են հումանիտար աղետների հասկացության եզրերին»,-նկատեց նա:
Tert.am-ի հարցին, թե որքան ժամանակ է պետք, որ վերանա աղետի գոտի հասկացությունը, և վերջապես լուծվի այդ մարդկանց տների խնդիրը, և արդյո՞ք դա ձեզ կհաջողվի, Տիգրան Պետրոսյանն ասաց, որ մաքսիմալ պետք է քաղհասարակությունը, պետությունը, անհատները և ժողովուրդը մոբիլիզացնեն բոլոր տեսակ ռեսուրսները: «Խնդրին մոտենում ենք շատ մեծ վճռականությամբ»,-ասաց նա:










