Կոստա Ռիկայի նախկին նախագահի դեմ սեռական բռնության վերաբերյալ հայց է ներկայացվել

11:16 • 06.02.19

Կոստա Ռիկայի նախկին նախագահ, հեղինակավոր Նոբելյան մրցանակի (խաղաղության) դափնեկիր Օսկար Արիասը մեղադրվել է 2014թ. կնոջ նկատմամբ սեռական բռնություն կիրառելու համար:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, նախկին նախագահը, որը երկիրը ղեկավարել է 1986-1990, 2006-2010 թվականներին, հերքել է ակտիվիստուհու ներկայացրած մեղադրանքը՝ ընդգծելով, որ ինքը երբևէ որևէ կնոջ կամքին դեմ չի գնացել ու իր կարիերայի ընթացքում պայքարել է գենդերային հավասարության համար:

Սակայն ակտիվիստուհու պնդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերի 1-ին՝ Արիասի տանը: Կնոջ խոսքով՝ ինքը քաղաքական գործչի տուն էր եկել միջուկային զինաթափման թեմայով զրույցի համար:

Կնոջ պատմելով՝ նախկին նախագահը ձեռք է տվել իր հետույքին, կրծքերին ու համբուրել է, մինչդեռ ինքը տղամարդուն հիշեցրել է, որ ամուսնացած է:

«Չեմ հիշում, թե նա ինձ ինչ պատասխանեց, բայց շարունակեց դիպչել մարմնիս: Հետո նա ինձ խնդրեց մի քիչ սպասել ու հեռացավ: Ես չգիտեի ինչ անել, ինձ թակարդի մեջ էի զգում»,-նշվում է կնոջ՝ նախկին նախագահի դեմ ներկայացված հայցում:

Արիասը Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել 1987թ.՝ Կենտրոնական Ամերիկայում քաղաքացիական պատերազմներին վերջ տալու ուղղությամբ գործադրած ջանքերի համար: