Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հայտնել է, որ Անկարայում Չավուշօղլուին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական խնդրանքով

11:06 • 06.02.19

Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական խնդրանքով: Այդ մասին արքեպիսկոպոս Պարսամյանը հայտնել է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ հանդիպման նպատակը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցում Էջմիածնի տեսակետը Թուրքիայի իշխանություններին փոխանցելն էր:

«Քանի որ ես պաշտոնավարում եմ Հռոմում, այցելեցի այնտեղի Թուրքիայի դեսպանին ու փոխանցեցի նրան մեր այս ցանկությունը: Դեսպանն այս խնդրանքին շատ դրական արձագանքեց և նշեց, որ կհայտնի այդ մասին արտգործնախարարին: Դրանից հետո նա զանգահարեց ինձ ու տեղեկացրեց, որ նախարարը հանդիպման համար օր է նշանակել», - պատմել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը՝ նշելով, որ Անկարայում տեղի ունեցած հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:

«Ես հստակ ընդգծեցի, որ մենք նպատակ չունենք դրսից խնդրին միջամտելու, մենք ցանկանում ենք փոխանցել հարցի վերաբերյալ մեր մտահոգություններն ու եթե կարող ենք ինչ-որ բանով օգնել՝ սիրով կանենք դա: Նախարարն ինքն էլ ասաց, որ խնդիրը ներքին է և որ պետությունը նույնպես ցանկանում է, որ պատրիարքի ընտրությունը կայանա, սակայն պետք է մի փոքր էլ համբերել», - Չավուշօղլուի հետ հանդիպման մանրամասներն է փոխանցել Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչը:

Հայտնի է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանն ու Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն ավելի քան 10 տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ, նրա փոխարեն պատրիարքի լիազորությունները պետության որոշմամբ ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ որպես պատրիարքի փոխանորդ: Ստամբուլահայ համայնքը, սակայն, երկար տարիներ պահանջում է նոր ընտրությունների անցկացում՝ ցանկանալով անձամբ ընտրել իր հոգևոր առաջնորդին: