Ստամբուլում Այա Սոֆիայի տաճար այցելած Հունաստանի վարչապետի առջևով սև կատու է անցել
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի՝ Ստամբուլի Սբ Սոֆիա տաճար այցի ժամանակ ուշագրավ ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել, որը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Նախօրեին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում ունեցած Ցիպրասն այսօր ժամանել է Ստամբուլ: Ստամբուլի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Ջոշքուն Յըլմազի ու Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ բյուզանդական հռչակավոր Այա Սոֆիայի տաճար այցելած Ցիպրասի առջևով սև կատու է անցել:
Պաշտոնյաների դիմացով արագ ու անկաշկանդ վազող սև կատուն շարժել է ներկաների ծիծաղն ու հայտնվել լուսանկարիչների «թիրախում»:
Հայտնի է, որ Սբ Սոֆիայում շրջելուց հետո Հունաստանի ղեկավարը մեկնել է Ստամբուլի կղզիներից Հեյբելին՝ այցելելով նաև հունական հոգևոր դպրոց, որի փակումը պետության կողմից մեծ հակազդեցության էր արժանացել հունական համայնքի կողմից:










