Կառավարությունը հաստատեց Վարդան Ուռուտյանի թեկնածությունը Ագրարային համալսարանի նորընտիր ռեկտորի պաշտոնում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Ըստ դրանց՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վարդան Ուռուտյանի թեկնածությունը։
Վարչապետը նշեց, որ կառավարության ռազմավարությունը և կրթության զարգացման հայեցակարգային ուղղություններից մեկն այն է, որ գիտական և հետազոտական աշխատանքն առավել մեծ ներդրում ունենա: «Բյուջեի քննարկման համատեքստում եկանք եզրակացության, որ մի շարք պետական գործառույթներ կարող ենք արտապատվիրակել Ագրարային համալսարանին, որպեսզի մասնագիտական կարողությունները կիրառելու և ուսանողներն այդ աշխատանքի հետ առնչվելու հնարավորություն ունենան, և այդ առումով մեծ հույսեր ենք կապում Ագրարային համալսարանի հետ»,--ասաց նա:
Նորընտիր ռեկտորնը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում հարցին, և ամեն ինչ անելու են, որ գիտական կենտրոնները ինտեգրվեն համալսարանի գործունեության մեջ, ինչպես նաև աշխատանքներ են տանելու, որ Ագրարային համալսարանը վերաբրենդավորեն, վերադիրքավորեն որպես ագրոտեխնոլոգիական կենտրոն:
«Մենք առաջիկայում աշխատանքներ ենք տանում, որ գիտություն- արտադրական պրոցես - խորհրդատվական կապն առավել ամրապնդված լինի»,-ասաց նա և նշեց, որ օպտիմիզացիայի ուղիներ կան:
Արայիկ Հարությունյանը ևս նշեց, որ բուհերում շատ կարևոր զարգացումներ կան: «Այն բուհերում, որ այս ամիսներին ղեկավարություն է փոխվել, դրական տենդենցներ կան, և կարծում եմ, որ մյուս բուհերն էլ կմիանան այս տենդեցներին»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մի կողմից ճիշտ է համարում, որ կառավարությունն անհարկի միջամտություններ բուհերում չի անում, սակայն կարևորեց նաև, որ մյուս կողմից էլ իներտ չլինեն:
Նա նկատեց, որ բուհերում կառույցներ են եղել, որոնց նպատակը եղել է վերահսկելի դարձնելու համակարգը իշխանության համար, իսկ հիմա նման պահանջ չկա: «Մենք այստեղ պետք է լինենք բավարար չափով ճկուն և լսենք այն ձայները, որոնք մեզանից միջամտություն են պահանջում»,-ասաց նա:










