Լոնդոնում պղծել են Կառլ Մարքսի շիրիմը (լուսանկարներ)
Լոնդոնի Հայգեյթ գերեզմանատանը պղծվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ Կառլ Մարքսի շիրիմը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ վնասն այնքան մեծ է, որ տապանաքարն այլևս առաջվա տեսքը չի ունենա:
Անհայտ անձը վնասել է մարմարյա հուշատախտակը, որը բերվել էր Մարքսի սկզբնական՝ 1883թ. շիրիմից ու 1954թ. տեղադրվել հուշարձանի մեջ:
Դատելով համացանցում տարածված լուսանկարներից՝ վանդալիզմի ակտն իրականացնողը մուրճով հարվածել է այն հատվածներին, որտեղ փորագրված է հանգուցյալի անունը:
Գերեզմանատան տնօրենը դատապարտել է կատարվածն ու նշել, որ հարձակվողը պատահաբար չի թիրախավորել Մարքսի շիրիմը և, հավանաբար, հակամարքսիստական հայացքների տեր է:
Հայտնի է, որ Կառլ Մարքսի շիրիմը տարեկան տասնյակ հազարավոր այցելուներ է ունենում:













