ՆԱՏՕ-ն ու Հյուսիսային Մակեդոնիան դաշինքին երկրի միանալու մասին արձանագրություն են ստորագրել

16:10 • 06.02.19

ՆԱՏՕ-ի 29 անդամ երկրների դեսպաններն ու Հյուսիսային Մակեդոնիան այսօր Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրություն են ստորագրել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Այժմ արձանագրությունը կներկայացվի դաշինքի պետությունների վավերացմանը, և միայն այդ գործընթացի ավարտից հետո Հյուսիսային Մակեդոնիան կկարողանա վավերացնել արձանագրությունը: Ակնկալվում է, որ գործընթացը կավարտվի այս տարի, և դեկտեմբերին դաշինքի՝ Լոնդոնում կայանալիք գագաթաժողովում, որտեղ դաշինքը կնշի իր 70-ամյակը, Մակեդոնիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը:

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը սկսվել էր դեռևս 2008թ.-ին, երբ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին անդամակցության հրավերն արգելափակվել էր Հունաստանի ներկայացուցչության կողմից։ Արդյունքում դաշինքի անդամ երկրները ընդհանուր համաձայնության էին եկել՝ հայտարարելով, որ Մակեդոնիան կանդամակցի ՆԱՏՕ-ին միայն անվանման վերաբերյալ վեճի լուծումից հետ:

Որպես պատճառաբանություն՝ Հունաստանը ներկայացրել էր այն հանգամանքը, որ հարևան երկրի անվանումն արտացոլում է իր կազմի մեջ միավորված և պատմականորեն ամրապնդված Մակեդոնիա երկրամասի վերաբերյալ վերջինիս հավակնությունները:

2018թ.-ի հունիսի 17-ին Մակեդոնիայի և Հունաստանի արտգործնախարարների միջև կնքվել էր պետությունը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» վերանվանելու մասին համաձայնագիրը, իսկ 2019թ. հունվարի 11-ին երկրի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն մտցնելու նախագծին: