Հռոմի պապը հույս է հայտնել, որ Արաբական թերակղզի կատարած իր այցը կօգնի բարելավել իսլամա-քրիստոնեական հարաբերությունները

16:47 • 06.02.19

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, խոսելով օրերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պատմական այցի մասին, հույս է հայտնել, որ այն կօգնի ցրել քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների միջև անխուսափելի բախման գաղափարը, գրում է Reuters գործակալությունը:  

«Հնարավոր է հարգել միմյանց և երկխոսության գնալ՝ չնայած մշակույթի և ավանդույթների տարբերությանը: Քրիստոնյաներն ու մահմեդականները համընդհանուր արժեքների են հետևում»,- ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը:

Ծայրահեղ պահպանողական կաթոլիկները դեմ են արտահայտվել երկխոսությանը՝ պատճառաբանելով, որ դրա նպատակն Արևմուտքի ոչնչացումն է:

Ֆրանցիսկոս պապն ըմբռնումով է մոտեցել քրիստոնյաների մտավախություններին՝ խոստովանելով, որ նման այցն ամենօրյա բան չէ, սակայն քայլ է դեպի առաջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-5-ը կաթոլիկների առաջնորդը միջդավանական համաժողովի մասնակցելու և կրոնական հանդուրժողականության վրա հիմնված ամուր հարաբերություններ հաստատելու նպատակով ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում էր, որտեղ ավելի քան 130 հազար մարդու առաջ պատարագ է մատուցել: Նա երբևէ Արաբական թերակղզի այցելած առաջին պապն է: