Սփյուռքի հետ թույլ կապը հանգեցնում է այդ ռեսուրսի անարդյունավետ օգտագործման. փորձագետը՝ սփյուռքահայերին ՀՀ կառավարման մեջ ներգրավելու կառավարության ծրագրի մասին

18:26 • 06.02.19

Գործադիրն այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը, ըստ որի, դրա ընդունման դեպքում նախատեսվում է սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքները վերացնել։

Tert.am-ի հետ զրույցում սփյուռքի հարցերով փորձագետ Վահրամ Հովյանը նշեց՝ հայկական Սփյուռքն ունի մեծ ներուժ, որը, ցավոք, դեռևս ըստ արժանվույն գնահատված չէ։ Սփյուռքի ռեսուրսների իրատեսական գնահատումը կարևոր է Հայաստանի զարգացման ռազմավարությունը, տեսլականը մշակելու համար։ «Այսօր սփյուռքի հետ թույլ կապը, հարաբերությունների առումով անկազմակերպվածության խնդիրը հանգեցնում են այդ ներուժի, եթե ոչ փոշիացման, ապա, նվազագույնը, ոչ արդյունավետ օգտագործման»,-նշում է փորձագետը։

Նրա խոսքով՝ պետության առաջին քայլը 7 մլն հայկական սփյուռքի ռեսուրսի հաշվառումն է, ապա՝ դրա ճիշտ օգտագործման հնարավորությունների մանրակրկիտ ուսումնասիրումը․ «Մենք ունենք սփյուռքի գիտական, մասնագիտական մեծ ռեսուրս, շատ զարգացած երկրների հայտնի կազմակերպություններում աշխատում են բազմաթիվ հայ մասնագետներ, որոնք զբաղեցնում են առաջատար պաշտոններ։ Ունենք նաև տնտեսական, քաղաքական մեծ ներուժ։ Պետք է հասկանալ՝ ինչպես և որ ոլորտներում կարելի է օգտագործել նրանց ներուժը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման»։

Փորձագետը սփյուռքի ռեսուրսի օգտագործման հարցում կարևորում է ոլորտային մանրակրկիտ ուսումնասիրությունների կարևորությունը․ «Հայաստանցի շատ մասնագետներ ոչնչով չեն զիջում սփյուռքահայ մասնագետներին։ Ոլորտային միկրոսկոպիկ ուսումնասիրությունների արդյունքում կառանձնացվեն այն ոլորտները, որտեղ կա պրոֆեսիոնալ մասնագետների կարիք»։


Քրիստինա Բոյաջյան