Կոտայքի մարզի «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ՝ մեքենայի մեջ, 61-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com

12:33 • 07.02.19

Այսօր՝ փետրվարի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ «Ծիրանի» ռեստորանի մոտ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում իրենց ձայնին։

Դեպքի վայր են մեկնել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ ՃՈ ծառայողները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը:

Ոստիկանները նշված վայրում՝ Opel մակնիշի 35 ZT 157 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում, հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Գալստյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։