Գարեգին Պետրոսյանն իրեն ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից ազատելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

11:01 • 07.02.19

Սիրելի ընկերներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարեգին Պետրոսյանը:

«2014 թվականի օգոստոսի 27-ին, երբ դարձա իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը. շուտով սահմանադրական փոփոխություններն էին, այնուհետև՝ օրենքների համապատասխանեցումն այդ փոփոխություններին:

Երջանիկ եմ, որ հնարավորություն ստացա պետության օրինաստեղծ կյանքի այդ կարևորագույն ժամանակահատվածում լինել Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ, նույն վարչության պետ և իրավական փորձաքննության վարչության պետ՝ համեստ ներդրում ունենալով հիշյալ գործընթացներում: 

Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ում հետ այս ընթացքում աշխատել եմ, և բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել դժվար պահերին:

Բաղրամյան 19-ի ձգողականության ուժի մասին բոլորին է հայտնի: Թե պատգամավորներից, թե աշխատակազմից շատերն են այստեղից հեռանալուց հետո կրկին վերադարձել (ինքս էլ 2009-2012 թվականներին ևս աշխատել եմ աշխատակազմում): Այնպես որ, կարծում եմ՝ մի օր կրկին վերադառնալու եմ իմ երկրորդ տուն...

Եվ վերջում, իհարկե, խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»,-գրել է Գարեգին Պետրոսյանը: