Եգիպտոսում կինը 10 տարի որդուն թաքցրել է լքված շենքում

01:24 • 07.02.19

Եգիպտոսի ոստիկանությանը հաջողվել է փրկել է 17-ամյա մի տղայի, ում երկար տարիներ մայրը պահում էր գերության մեջ, РИА Новости-ի փոխանցմամբ` հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Եգիպտական հանրությանը ցնցած այդ միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Գարբիա նահանգի մի գյուղում:

Տղային, որը իբր թե մահացել էր ավտովթարից, օգնել են գտնել տեղի բնակիչները: Գյուղի եզրին գտնվող լքված շենքի մոտով անցնելիս նրանք պատահաբար ծանր տնքոցներ են լսել: Երբ փորձել են ներս մտնել` պարզելու, թե ով կա այնտեղ, նրանց ճանապարհը կտրել է գյուղի բնակիչներից մի տարեց կին: Ավելի ուշ,  ոստիկանությունը շենքից դուրս է բերել գերեվարված տղային:

Ինչպես պարզվել է, տարեց կինը տղայի մայրն է: Տասը տարի առաջ նա որոշել էր իր 7-ամյա որդուն թաքցնել մահացած ամուսնու հարազատներից` նրան փակելով լքված շենքի սենյակներից մեկում, որտեղ ոչ լույս է եղել, ոչ էլ պատուհան:

Տասը տարի առաջ կինն ամուսնու հարազատներին ասել էր, որ որդին մահացել է ավտովթարի հետևանքով: Բժիշկները, որոնք հետազոտել են կնոջը, եզրակացրել են, որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: