«Ու քայլում ենք, քայլում ենք, քայլում ենք» շարադրության վերնագրով բնավ նկատի չենք ունեցել հեղափոխությունը, այլ մեր ժողովրդի ողջ պատմությունը. առաջադրանքի հեղինակ
ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը, ով «Ու քայլում ենք, քայլում ենք, քայլում ենք .....» վերնագրով շարադրության առաջադրանքի հեղինակն է, աղմուկը խնդրի շուրջ համարում է «փոթորիկ մի բաժակ ջրում»:
Tert.am-ի նյութից հետո հեղինակը պարզաբանում է ներկայացրել, թե ինչու է որոշել հենց նման վերնագիր հանձնարարել 8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադային երեխաներին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«ՀՀ-ում տասնյակ տարիներ անցկացվում են առարկայական օլիմպիադաներ՝ բացահայտելու շնորհալի աշակերտներին, խրախուսելու նրանց անհատականությունը, նախապատրաստելու մեր հայրենիքի արժանապատիվ քաղաքացի, անպարտելի զինվոր, անխոնջ ու անկաշառ մտավորական:
Այս ուսումնական տարում նույնպես սովորական ընթացքով անցկացվում են առարկայական օլիմպիադաները: Այդ թվում՝ նաև հայոց լեզվից:
Տեքստային աշխատանքներից բացի՝ տրվում է նաև ստեղծագործական շարադրություն, քանի որ միայն այս աշխատանքի արդյունքում է բացահայտվում աշակերտի ինքնուրույն մտածողությունը, երևակայության թռիչքը, վերլուծելու կարողությունը:
Կանգնած լինելով օլիմպիադաների վերականգնման ակունքներում(Անկախության ձեռք բերումից հետո)՝ միշտ կազմել ենք հայոց լեզվի և հայ գրականության օլիմպիադաների հարցաշարերը և երբեք չի եղել որևէ քննարկում:Ստեղծագործական շարադրության թեմաները մշտապես անդրադարձել են մեր պատմության հիշարժան, հերոսական դեպքերին ու դեմքերին:
Այս տարվա շարադրության թեման նույնն էր բոլոր դասարանների համար՝ հասկանալու նրանց մտածողության վերընթացը, երևակայության սահմանը:
«…Ու քայլում ենք, քայլում ենք, քայլում ենք…» վերնագիրը, չգիտես ինչու, թյուրըմբռնումների տեղիք է տվել: Մարդիկ մտածել են, թե վերնագիրը կարելի է նույնացնել համանուն երգի կամ կատարված «թավշյա հեղափոխության հետ»: Հարկ ենք համարում հիշեցնել , որ օլիմպիադաները մի՛շտ են եղել ապաքաղաքականացված: Ընտրելով այս վերնագիրը՝ բնավ ի նկատի չենք ունեցել հատկապես ա՛յս հեղափոխությունը,այլ մեր ժողովրդի ամբողջ պատմությունը. մշտապես անդրադարձել ենք համանման թեմաների՝«Պատմության քառուղիներով»,«Մահ իմացեալ մահ է»,«Հերոսական սխրանքների նվիրյալները».այսպես երկար կարելի է շարունակել,իսկ այս վերնագրի առիթով՝ այս է եղել գերագույն նպատակը.
Մենք(հայ ժողովուրդը) քայլում ենք անհիշելի ժամանակներից ու դեռ քայլելու ենք մինչև մեր մոլորակի վերջը: Մենք քայլել ենք մեր անվանադիր նահապետի հետ, քայլել ենք արքայից արքա մեր ազգային հպարտության հետ, առաջին առաքյալների հետ, Ավարայրից մինչև Սարդարապատ ու Արցախ, այո՛, քայլել ենք 2018-ի անկրկնելի գարնանը… Պարզապես այս մասին փակագծերում չենք նշել՝ ապավինելով յուրաքանչյուր աշակերտի մտքի թռիչքին ու հայրենիքն զգալու կարողությանը: Նոյը նույնպես քայլելով իջավ Արարատից ու տնկեց խաղողի առաջին որթն ու առաջին ծիրանենին: Ուրեմն՝ ինչու՞ մտածել ,թե մեր դարավոր քայլքը սկսվել է միայն անցյալ գարնանը:
Ցավում ենք, որ մեր անկեղծ ու սիրով ընտրած վերնագիրը զուգորդվում է միայն քայլելու հետ…»:










