Մշակույթի նախարարությունն անհրաժեշտություն է. ՀՅԴ-ն կառավարությանը հորդորում է վերանայել կառավարության կառուցվածքում փոփոխությունները

16:48 • 08.02.19

ՀՅԴ Հայաստանի ԳՄ մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնել ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունները միավորելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև որոշ պաշտոնական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ։

ՀՅԴ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացություն` նախարարությունների միավորումը հիմնավորվում է օպտիմալացման անհրաժեշտությամբ։

Մշակույթի (նաև երիտասարդության և սպորտի) ու կրթության և գիտության նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի քաղաքական ընկալման և դրա դերակատարության թերագնահատման մասին։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունները միավորելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև որոշ պաշտոնական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ։ Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացություն`նախարարությունների միավորումը հիմնավորվում է օպտիմալացման անհրաժեշտությամբ։

Մշակույթի (նաև երիտասարդության և սպորտի) ու կրթության և գիտության նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի քաղաքական ընկալման և դրա դերակատարության թերագնահատման մասին։

Հազարամյակներ շարունակ հայ մշակույթը՝ հայոց լեզվի և հայ եկեղեցու հետ, եղել է մեր ինքնության հիմնական հենասյունը, ձևավորել ազգային արժեհամակարգ և այն ամենը, ինչով աշխարհը ճանաչել է մեզ։ Մշակույթին մեծ դեր է վերապահված նաև Հայաստանի քաղաքական ներկայում և հեռանկարում։ Այն համակարգաստեղծ բնույթ ունի, մրցունակ երկրի նախապայման է, ձևավորում է պետականություն գիտակցող քաղաքացի և հասարակություն, լուծում է սոցիալական խնդիրներ։

Մշակույթին բացառիկ դերակատարություն է վերապահված ազգային անվտանգության և երկրի սոցիալ-քաղաքական փոփոխությունների ներկայիս համատեքստում։

Ի թիվս վերոնշյալ նպատակների և խնդիրների, ՀՀ կառավարության կառուցվածքում մշակույթի նախարարության` իբրև առանձին պետական լիազոր մարմնի և ինստիտուտի անհրաժեշտությունը պարտադիր է՝ իրագործելու մշակույթի ոլորտում ՀՀ Սահմանադրությամբ պետության ստանձնած պարտականությունները, բարեփոխելու գործող համակարգը, ապահովելու ոլորտի գործունեության օրենսդրական երաշխիքները, գործադրելու զարգացման ծրագրեր, իրականացնելու մշակութային ժառանգության պահպանության և զարգացման, գեղարվեստական կրթության մատչելիության ծրագրեր, միջազգային մշակութային երկխոսություններում ապահովելու Հայաստանի ներկայությունը, հանրահռչակելու հայկական մշակույթը և այլն։

Հորդորում ենք ՀՀ կառավարությանը` վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառվող պատկերացումները։

Համաշխարհային քաղաքակրթական ժառանգության մեջ անուրանալի ներդրում, հազարամյակների մշակութային ժառանգություն ունեցող հայերիս համար մշակույթի լուսանցքումը հղի է անդառնալի հետևանքներով»: