Աշխարհի ամենահարուստ մարդը National Enquirer-ին մեղադրել է մերկ լուսանկարների հրապարակմամբ իրեն շանտաժի ենթարկելու համար

10:40 • 08.02.19

Ամերիկյան Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, National Enquirer ամսագրի սեփականատիրոջը՝ Դևիդ Փեքերին, մեղադրել է իրեն շանտաժի ենթարկելու համար:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Բեզոսը մանրամասնել է, որ ամսագիրը սպառնացել է հրապարակել իր մերկ լուսանկարները: Ընդհանուր առմամբ, ամսագրի տրամադրության տակ է հայտնվել տասը լուսանկար, որից մեկը պատկերում է գործարարի գոտկատեղից ներքև հատվածը:


«Նրանք ինձ հայտնել են, որ ունեն իմ տեքստային հաղորդագրություններն ու լուսանկարները, որոնք կհրապարակեն, եթե մենք չդադարեցնենք մեր հետաքննությունը»,-գրել է Բեզոսը՝ մանրամասնելով, որ խոսքը մի հետաքննության մասին է, որի շրջանակում իր թիմը փորձում է պարզել՝ ինչպես են այդ ֆայլերը հայտնվել National Enquirer-ի մոտ:

Միլիարդատիրոջ շուրջ աղմուկը սկսվել է հունվարին, երբ հայտնի էր դարձել, որ նա ամուսնալուծվում է 25 տարվա կնոջից և սիրավեպ ունի նախկին հաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ:

Դրանից հետո National Enquirer-ը հրապարակել է Բեզոսի ու Սանչեսի ինտիմ բնույթի հաղորդագրությունները:

«Իմ փաստաբանները վիճարկել են, որ AMI-ն (National Enquirer-ի հրատարակիչը) իրավասու չէ հրապարակել այդ լուսանկարները»,-հավելել է Բեզոսը՝ ընդգծելով, որ դրանք իրենցից արժեք չեն ներկայացնում:

Գործարարի պնդմամբ՝ AMI-ի ներկայացուցիչն իր փաստաբանին սպառնացել է վարկաբեկիչ տեղեկության հրապարակմամբ: Միևնույն ժամանակ ամսագիրը Բեզոսին առաջարկել է չհրապարակել սկանդալային լուսանկարներն ու հաղորդագրությունները, եթե գործարարը դրա դիմաց «ինչ-որ բան» անի:

«Շորթման ու շանտաժին հանձնվելու փոխարեն, ես որոշեցի հրապարակել նրանց ուղարկած էլեկտրոնային նամակները՝ անտեսելով բոլոր տհաճությունները: Վստահ եղեք, որևէ նորմալ լրագրող երբևե այսպիսի առաջարկ չէր անի՝ «ես չեմ հրապարակի քո մասին վարկաբեկիչ տեղեկությունը, եթե դու «X» բանն անես ինձ համար: Իսկ եթե դու անհապաղ «X» բանը չանես, ես կհրապարակեմ վարկաբեկիչ տեղեկությունը»,-գրել է Բեզոսը: