Լրագրող Խաշոգջիի սպանությունից դեռ մեկ տարի առաջ Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է «փամփուշտ» կիրառել նրա դեմ. NYT
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդն ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից դեռևս մեկ տարի առաջ հայտարարել է, որ եթե լրագրողը չվերադառնա հայրենիք, ինքը «փամփուշտ» կկիրառի Խաշոգջիի դեմ:
Ինչպես գրում է The New York Times պարբերականը, այդ մասին արքայազնն ասել էր իր օգնականին՝ դեռևս 2017-ին:
Հատկանշական է, որ թեև նման սպառնալիքի մասին տեղեկության առկայությանը, ամերիկյան հետախուզությունը գործը քննելիս համարել է, որ այդ արտահայտությունն ուղիղ իմաստ չի պարունակում: Հետախույզները համարել են, որ այդ խոսքերը փաստում են, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը ցանկացել է ուժ կիրառել Խաշոգջիի դեմ, եթե վերջինս չվերադառնա հայրենիք:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:










