Տասնյակ ընկերություններ պայմանագրեր են կնքել ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու համար. կոչ եմ անում ընդլայնել այս գործընթացը. Նիկոլ Փաշինյան
Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գրառումն ամբողջությամբ նեերկայացնում ենք ստորև.
«Կառավարության միջնորդությամբ եւ քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:
Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք:
Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաեւ մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի եւ այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է եւս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում:
Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացը ընդլայնելու համար»:










