Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային մարդասիրական օգնության կոչին արձագանքելու համար (տեսանյութ)

17:02 • 08.02.19

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն մասնագետների խումբ ուղարկելու համար, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Շոյգուն ընդգծել է, որ Հայաստանն առաջինն է արձագանքել Սիրիայի խաղաղ բնակչությանն աջակցելու ՌԴ կոչին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև հույս է հայտնել, որ հայ-ռուսական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում է՛լ ավելի կամրապնդվի:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ):

Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ: