Սկրիպալների թունավորման համար բրիտանական ոստիկանությունը կասկածում է ՌԴ 5 քաղաքացու. Daily Mail
Բրիտանական ոստիկանությունը ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման համար կասկածում է Ռուսաստանի 5 քաղաքացու, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրի:
Սպասվում է, որ ոստիկանությունն առաջիկա շաբաթների ընթացքում Սկրիպալների թունավորմանը ՌԴ ևս 2 քաղաքացու առնչության մասին ապացույցներ կներկայացնի բրիտանական կառավարությանը:
Ըստ պարբերականի՝ կասկածյալները Մեծ Բրիտանիա էին ժամանել զբոսաշրջային վիզայով և այս պահին գտնվում են Ռուսաստանում: Աղբյուրը նաև ընդգծում է, որ կասկածյալները տեղաշարժվել են մյուս երկու կասկածյալներից՝ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով ներկայացող անձանցից առանձին: Ենթադրվում է, որ թունավորման գործում նրանց դերն ավելի փոքր է եղել:
Նախօրեին The Telegraph-ը հայտնել էր, որ Ալեքսանդր Պետրովից ու Ռուսլան Բոշիրովից բացի՝ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործով ևս մի կասկածյալ է ի հայտ եկել: Ըստ ենթադրությունների՝ Սերգեյ Ֆեդոտով անունով ներկայացող ռուս սպան Մեծ Բրիտանիա է ժամանել Սկրիպալների գործով կասկածյալներ Պետրովի և Բոշիրովի հետ միասին: Աղբյուրը նաև նշել էր, որ Ֆեդոտովը Սկրիպալի թունավորումից հետո երկրի տարածքում է մնացել մի քանի օր:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են:










