ԱՄՆ-ը մտադիր է ամբողջությամբ դուրս բերել զորքերը Սիրիայից մինչև ապրիլի վերջ. WSJ
ԱՄՆ-ի զինվորականները մտադիր են ամբողջությամբ դուրս բերել զորքերը սիրիայից մինչև ընթացիկ տարվա ապրիլի վերջ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում աղբյուրին:
Պարբերականի զրուցակիցն ընդգծել է, որ եթե Սպիտակ տունը ծրագրերում որևէ փոփոխություն չանի, ապա ամերիկյան զորքերի զգալի մասը Սիրիայից դուրս կբերվի մարտի կեսին, իսկ ամբողջական դուրսբերումը կավարտվի մինչև ապրիլի վերջ:
Հիշեցնենք, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն որևէ հստակ ժամկետ չէր նշվել:
Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ գործողություններ են ծավալում 2014 թվականից: Ընդ որում՝ Սիրիայում նրանք գործում են առանց երկրի իշխանությունների համաձայնության:










