ԱՄՆ-ում անասնաբույժները մի քանի ժամ պայքարելով` փրկել են գրեթե ամբողջովին սառցակալած կատվի կյանքը (լուսանկարներ)
ԱՄՆ Մոնտանա նահանգում ձնակույտից դուրս բերված կատվին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը ծանր էին գնահատում: Կենդանու մորթին ամբողջությամբ պատված էր սառույցով:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը, անասնաբույժները չեն հուսահատվել և ժամեր շարունակ պայքարել են կատվի կյանքի համար: Բժշկի խոսքով՝ կենդանու ջերմաստիճանն այնքան ցածր է եղել, որ անգամ ջերմաչափը ցույց չի տվել: Նման ցածր թիվ գրանցված չէ սարքի վրա, ամենացածր շեմը 32 աստիճանն է՝ ըստ Ցելսիուսի: Իսկ կատուների համար մարմնի նորմալ ջերմաստիճանը 38.3 է:
Տաք ջրի և ծածկոցների օգնությամբ, ինչպես նաև մի քանի ժամյա աշխատանքի արդյունքում բժիշկներին հաջողվել է կյանքի վերադարձնել կատվին: Այժմ կենդանին տուն է վերադարձել տերերի հետ:











