Պոմպեոն սաուդցի լրագրող Խաշոգջիի սպանության հետաքննության շուրջ նոր մանրամասներ է ներկայացրել Կոնգրեսին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսին սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացրել, գրում է New York Times-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է սահմանված ժամկետում, որը լրացել է երեկ, Սենատին իր վարչակազմի դիրքորոշումը հայտնել լրագրողի սպանությանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի մասնակցության վերաբերյալ:
«Մենք սպանությունից հետո պարբերաբար խորհրդակցել ենք Կոնգրեսի հետ, և կարող ենք հաստատել, որ պետքարտուղարն այսօր հետաքննության վերաբերյալ նոր տեղեկություններ է ներկայացրել: Մենք շարունակում ենք Կոնգրեսի հետ խորհրդակցելով աշխատել Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորներին պատժելու համար»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակը:
Հիշեցնենք, որ The Washington Post-ի թղթակիցն ահնետացել էր 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո: Սաուդյան իշխանությունները միայն 2 շաբաթ անց էին խոստովանել, որ լրագրողն իբր վեճի հետևանքով սպանվել է:
Ստամբուլի դատախազը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանությունը կանխամտածված է եղել: Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ լրագրողի մարմինն անդամահատվել է, իսկ ավելի ուշ, ըստ թուրքական կողմի, հյուպատոսարանի ավազանի մեջ նրա մարմնից հատվածներ էին հայտնաբերվել:
Սկանդալային սպանությունը կապվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի անվան հետ: Թրամփը չի բացառել դրա հավանականությունը, սակայն թագավորության դեմ կտրուկ միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին ոչինչ չի հայտնել:










