Մեքսիկայում անհայտ անձինք գնդակահարել են հանրահայտ ռադիոհաղորդավարին

01:54 • 10.02.19

Մեքսիկացի հանրահայտ ռադիոհաղորդավար Խեսուս Ռամոս Ռոդրիգեսը սպանվել է շաբաթ՝ փետրվարի 9-ին, Տաբասկո նահանգի Էմիլիանո Սապատա քաղաքի սրճարաններից մեկում, հաղորդում է Excelsior պորտալը:

Նախնական տվյալներով՝ Ռամոսը սրճարանում ընկերների հետ նախաճաշելիս է եղել, երբ սրճարանին մոտեցած մեքենայից դուրս է եկել երեք անհայտ անձ և գնդակահարել լրագրողին:

Խեսուս Ռամոս Ռոդրիգեսը  Nuestra Region ռադիոյի հայտնի հաղորդավարներից էր: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել լրագրողի ծննդյան նախօրեին. փետրվարի 10-ին կլրանար նրա 59-ամյակը:

Տաբասկո նահանգի ՆԳՆ ղեկավար Մարկո Մեդինան իր ցավակցությունն է հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ՝ խոստանալով մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: