Նովոսիբիրսկի մարզում հրդեհի հետևանքով չորս մանկահասակ երեխա է զոհվել

05:24 • 10.02.19

ՌԴ Կրասնոօզյորսկի շրջանի Պոլոյկա գյուղում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ՝ մի կին և չորս երեխա: Այս մասին հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի մարզային քննչական վարչությունը:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 10-ին՝ տեղի ժամանակով ժամը 01:00-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ փետրվարի 9-ին ժամը 22:00-ի սահմաններում), մասնավոր տներից մեկում:

«Կրակը մարելուց հետո հայտնաբերվել են 1982 թվականին ծնված կնոջ և 2013, 2015, 2016 ու 2018 թվականներին ծնված մանկահասակ երեխաների դիերը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ներկա պահին փորձագետները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, հարուցվել է քրեական գործ: