Պաշտպանության նախարարը ևս համարում է, որ բանակն առողջների տեղն է և մեր բանակում պետք է տեղ չունենան հիվանդները. Արծրուն Հովհաննիսյան

17:58 • 11.02.19

Դեռ ամիսներ առաջ պաշտպանության նախարարը զորակոչի ընթացքում, նաև այլ առիթներով էլ բազմիցս նշել է, որ բանակում պետք է ծառայեն առողջները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս հայտարարությունները, կարծում եմ, ընդհանուր քաղաքական մեկտեղման ընկալում ունեն` բանակն առողջների տեղն է: Թե դա ինչպե՞ս կընթանա, օրենք կփոխվի, թե դրանից բխող ենթաօրենսդրական ակտեր կամ որոշումներ, ես հիմա չեմ կարող և ճիշտ էլ չի լինի, որ մեկնաբանեմ: Դա գործընթացների արդյունքում պետք է լինի»,- ասաց նա:

Ճշտող հարցին` այսինքն չի՞ բացառվում, որ այդ փոփոխությունները կլինեն, նա պատասխանեց. «Չեմ բացառում, պաշտպանության նախարարը ևս համարում է, որ բանակն առողջների տեղն է,  և այո, մեր բանակում պետք է տեղ չունենան հիվանդները»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջները, իսկ պաշտպանության նախարարի 404 հրամանը վերանայման կարիք ունի: