Եթե զինծառայողի մահվան դեպքը չհաղորդելն իսկապես անփութության հետևանք էր, ապա ՊՆ հաջորդ քայլը պետք է լինի առնվազն ծառայողական քննություն իրականացնելը. Ա. Իշխանյան

20:23 • 11.02.19

Զոհի թաքցնելու հետ կապված երկու վարկած կարող եմ ունենալ. շատ կցանկանայի՝ առաջին վարկածը լիներ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով ամանորի գիշերը հրազենային վնասվածքից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը չհայտնելուն:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել համապատասխան կառույցներին։

Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին. «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:

ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

«Առաջին վարկածն այն է, որ չհաղորդելը անփութության հետևանք է եղել, և հույս ունեմ, որ այդպիսի անփութություն այլևս Պաշտպանության նախարարությունը չի անի: Երկրորդ վարկածը, որ ավելի շատ հասարակությանը անհանգստացնում է. դա թաքցվել է»,-ասաց նա:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ ցանկացած այդպիսի բան թաքցնելն ինքնին շատ վտանգավոր է մի քանի տեսանկյուններից: «Եթե անվտանգությունից ելնելով է թաքցվում, ապա պետք է բացատրեն, թե ինչ է նշանակում անվտանգությունից ելնելով թաքցնել: Երկրորդը՝ Հայաստանն այնպիսի երկիր է, որ ցանկացած այդպիսի թաքցրած դեպք ի վերջո հայտնի է դառնում, և դա ավելի վատ է անդրադառնում, մասնավորապես, բանակի վարկանիշի վրա, և երրորդը` եթե թաքցնելը միտված է նրան, որ ներկայացվի, թե ներկայումս ավելի լավ վիճակ է, քան նախկինում, ապա դա նույնպես հետագայում բացահայտվելու դեպքում ավելի վատ կանդրադառնա այսօրվա իշխանության վարկանիշի վրա»,- ասաց նա և նշեց, որ եթե միտումնավոր է թաքցվել, ապա արդյոք սա նշանակում է, որ մենք վերադառնում ենք 90 ականներ, երբ նման բաները գաղտնի էին պահվում, և ընդհանուր վախի մթնոլորտ էր տարածված:

Իրավապաշտպանը նկատեց, որ վերջին տարիներին կարծես թե լուրջ խնդիրներ չէին առաջանում այդպիսի դեպքերը հաղորդելու առումով: «Այս դեպքն իսկապես անհանգստացնող էր, և հուսանք, որ սա իսկապես անփութության հետևանք էր»,-ասաց նա և նշեց, որ առայժմ պաշտոնական հաղորդագրությունը չի բավարարում իրեն:

«Եթե իսկապես անփութության հետևանք էր, ապա Պաշտպանության նախարարության հաջորդ քայլը պետք է լինի առնվազն ծառայողական հետաքննություն իրականացնելը՝ դեպքը թաքցնողների հետ կապված»,- ասաց նա: