Կուսակցություններին անդամակցության հիմքը պետք է լինի արժեքների ընդհանրությունը․ Թևան Պողոսյան
Ես հարգանքով եմ վերաբերվում ցանկացածին, ով անդամագրվում կամ լքում է որևէ կուսակցություն, բայց ես ունեմ սկզբունքային դիրքորոշում, որ եթե դու չես կարողանում ինքդ քո մեջ հասկանալ, որ դա է քո արժեքային դաշտը ձևավորող ինստիտուտը, դու չպետք է որևէ կուսակցության միանաս։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը։
Բանախոսն անդրադարձավ Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու մասին որոշմանն ու ասաց, որ հարգանքով է վերաբերվում այդ ցանկությանը․ «Վստահ եմ, որ Արփինե Հովհաննիսյանը շարունակելու է իր հանրային գործունեությունը։ Նաև վստահ եմ, որ այն, ինչ խոսք է տվել, առաջիկայում իր հանրային գործունեությամբ ապացուցելու է։ Ես Արփինեին այդպես եմ ճանաչում»։
Թևան Պողոսյանը կարծում է, որ կուսակցություններին անդամակցության հիմքը պետք է լինի արժեքների ընդհանրությունը․ «Մարդիկ պետք է միանան այս կամ այն կուսակցությանը ոչ թե անձերի պատճառով, ոչ թե, որ այն իշխանություն է կամ ընդդիմություն, ոչ թե, որ մի քանի ընկերներ ունեն այնտեղ, այլ մարդիկ պետք է այդ արժեքային դաշտը կիսեն ու համարեն իրենցը։ Ու սա այսօրվա բոլոր գործող կուսակցություններին է վերաբերում։ Եթե աշխարհը փոխվի, և այդ կուսակցությունը լինի իշխանություն կամ ընդդիմություն, այդ դեպքում իրենք դուրս գալու կամ մտնելու խնդիրը չեն քննարկի։ Շատ մարդիկ դուրս եկան այլ կուսակցություններից ու միացան ՔՊ-ին։ Դե, հիմնավորեք, որ այն ժամանակ սխալ արժեքներ են եղել ու հիմա այլ արժեքների եք դավանում»։










