Բելառուսի դպրոցներից մեկում դեռահասի կողմից ուսուցչուհու և աշակերտի սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել

16:09 • 11.02.19

Այսօր առավոտյան տեղեկություն էր ստացվել, որ Բելառուսի Մինսկի շրջանի դպրոցներից մեկում դեռահասը հարձակվել է պատմության ուսուցչուհու և աշակերտների վրա՝ սպանելով ուսուցչուհուն և 17-ամյա աշակերտի, հաղորդում է news.tut.by-ն:

Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են սպանությունների համար կասկածվող 15-ամյա դեռահասին:

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ կասկածյալը 10-րդ դասարանի աշակերտ է, որն առավոտյան դպրոց է եկել, ցած դրել պայուսակն ու դուրս եկել դասասենյակից, ապա վերադարձել է ու դանակով հարձակվել ուսուցչուհու վրա: Աշակերտներից երկուսը փորձել են պաշտպանել ուսուցչուհուն, ինչի հետևանքով երկուսն էլ վիրավորվել են, այնուհետև հարձակում կատարած անձը մտել է հարևան դասասենյակ և սպանել 11-րդ դասարանի աշակերտներից մեկին:

Հայտնի է, որ զոհված ուսուցչուհին 50 տարեկան էր: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանց վիճակը գնահատվում է կայուն: Ծանոթների բնութագրմամբ՝ հարձակում կատարած դեռահասն աչքի է ընկել հանգիստ ու լռակյաց բնավորությամբ:

Կատարվածի պատճառները պարզելու համար հետաքննություն է ընթանում: