ԱՄՆ փոխնախագահը Լեհաստանում Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբար կայցելի

20:46 • 11.02.19

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը փետրվարի 15-ին Լեհաստանում նացիստական Գերմանիայի համակենտրոնացման և մահվան ճամբարների Օցոենցիմ համալիրում նախկին Աուշվից-Բիրկենաու ճամբարի տարածք կայցելի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Այցի ժամանակ Փենսին կուղեկցի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

Մինչ Աուշվից-Բիրկենաու մեկնելը Փենսը կմասնակցի Լեհաստանի ու ԱՄՆ-ի կողմից կազմակերպված Մերձավոր Արևելքի վերաբերյալ համաժողովին, ոը կանցկացվի փետրվարի 13-14-ը: ԱՄՆ փոխնախագահը հանդիպում կունենա նաև լեհ և ամերիկացի զինվորների հետ:

Աուշվից-Բիրկենաու ճամբարում գազի խցիկներում ֆաշիստների կողմից ավելի քան 1 մլն հրեա է սպանվել: Տարբեր տվյալներով՝ այդ ճամբարում ընդհանուր առմամբ տարբեր ազգությունների պատկանող 1,5-2 մլն մարդ է զոհվել, որոնց թվում՝ Խորհրդային Միության 15 հազար քաղաքացի:

Համակենտրոնացման ճամբարն ազատագրվել է 1945թ. հունվարի 27-ին: Այժմ ճամբարի տարածքում թանգարան է գործում: