Սա նաև առիթ է, որ սակրավորներն իրենց մասնագիտական հնարավորություններն ավելացնեն․ Ա․ Քոչարյանը՝ Սիրիա հումանիտար խումբ գործուղելու մասին
Հարցը քննարկելիս պետք է հետևել կառավարության հաղորդագրությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանից 83 հոգանոց անվտանգություն ապահովող մասնագետներից բաղկացած խումբը Սիրիա գործուղելուն։
«Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը երեկ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե զորախումբ ուղարկելն իրավական ինչ հիմքերի վրա է: Եթե այս հարցի առնչությամբ կա որևէ խնդիր, ապա հանձնաժողովը որևէ կաշկանդվածություն չունի այն ուսումնասիրելու, իսկ եթե կան շահարկումներ, ապա դրանք անպայման կբացատրվեն»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ այս պահին կարող է հաստատել, որ այն հումանիտար օգնության բնույթ է կրում, կազմում ներառված են բժիշկներ ու սակրավորներ:
«Սա նաև առիթ է, որ սակրավորներն իրենց մասնագիտական հնարավորություններն ավելացնեն: Բացի այդ, փաստը ոգևորիչ կլինի Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների համար»,- շարունակեց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանից 83 հոգանոց անվտանգությունն ապահովող մասնագետներից բաղկացած խումբը ժամանել է Սիրիա: Քննարկվեց, որ առանց համապատասխան միջազգային պայմանագրի զորախումբ է ուղարկվել Սիրիա։
Անի Օհանյան










