Հանձնաժողովն ու անձամբ ես առաջնահերթ կուսումնասիրենք այս հարցը․ Անդրանիկ Քոչարյանը՝ զինծառայողի մահվան դեպքը թաքցնելու մասին

15:45 • 11.02.19

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը ՊՆ-ի կողմից չհանրայնացնելու դեպքը հանձնաժողովն ու անձամբ ինքն առաջնահերթ կուսումնասիրեն։ Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, թե  ինչ մեխանիզմների բացակայությունն է պատճառը, որ այսպիսի անորոշություն առաջացավ։

«Նախկինում, եթե ուշանում էր մեկ-երկու օր, մեր պաշտպանական գերատեսչությունը տեղյակ պահում էր կորուստների մասին: Այստեղ եթե ինչ-որ մեկը թերացել է, հանձնաժողովը հետամուտ կլինի դա բացահայտելու, բայց այստեղ արտառոց մի թաքցնելու բան չկար: Բացատրություն տրվել է, եթե չի տրվել, ապա մենք անպայման կուսումնասիրենք»,- ասաց Քոչարյանը։

Հարցին՝ սա վատ նախադեպ չի՞ դառնա, որ հաջորդիվ էլ նման դեպքերի մասին չհայտարարվի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ այս դեպքը երբեք նախադեպ չի դառնա․ «Նախկինում նման նախադեպեր ես չեմ հիշում, իսկ հիմա, եթե այսպիսի մի բան է եղել, պետք է հասկանանք պատճառները, որպեսզի նախադեպ չդառնա, բա հանձնաժողովն ինչի՞ համար է»,- շարունակեց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնեք, որ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»: ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

 

ՀեղինակԱնի Օհանյան