«Իրականում ես ավելի շատ եմ աշխատում, քան նախկին նախագահներից որևէ մեկը». Թրամփը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը քիչ է աշխատում

16:28 • 11.02.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը բավականաչափ չի աշխատում:

«Լրատվամիջոցներին հաջողվել էր ձեռք գցել իմ աշխատանքային գրաֆիկը, ինչը շատ հեշտ բան է, սակայն դա պետք է դրական, այլ ոչ բացասական լույսի ներքո հաղորդվեր: Երբ օգտագործվում է «կատարողական ժամանակ» տերմինը, ես սովորաբար աշխատում եմ, ոչ թե հանգստանում: Իրականում ես երևի ավելի շատ ժամ եմ աշխատում, քան Միացյալ Նահանգների նախկին նախագահներից որևէ մեկը»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Նրա խոսքով, երբ ինքը նախագահ է դարձել, ԱՄՆ-ն ոչ կարգին վիճակում է եղել, զինված ուժերը՝ թուլացած: Երկրում եղել են անվերջ պատերազմներ, հավանական պատերազմ Հյուսիսային Կորեայի դեմ, վետերանների հարցը, բարձր հարկեր, ինչպես նաև մի շարք խնդիրներ՝ ներգաղթի, առողջապահության և այլնի հետ կապված:

«Ես պարզապես այլընտրանք չունեի, քան ջանասիրաբար աշխատել»,- ընդգծել է ԱՄՆ առաջնորդը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնվել էր Թրամփի առօրյա գրաֆիկը, ըստ որի՝ նախագահի աշխատանքային օրը սկսվում է ժամը 11-ին, իսկ մինչ այդ նա իր կեցավայրում հեռուստացույց է դիտում:

Նախագահի աշխատանքային գործունեության 60%-ը կազմում է «կատարողական ժամանակը», որի ընթացքում նախագահը զանգեր է կատարում, լրագրեր կարդում, սոցցանցում գրառումներ կատարում և հեռուստացույց դիտում: