Ովքե՞ր են իրականացնելու աշխատանքները, որտեղի՞ց եք ֆինանսավորելու, եթե քաղաքապետարանը դառնա սանմաքրման 2-րդ օպերատոր. ավագանու անդամը՝ քաղաքապետին

18:35 • 12.02.19

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու հերթական նիստին անդրադարձավ քաղաքապետարանի կողմից ձնամաքրման բազմաֆունկցիոնալ մեքենաների՝ վերջերս ձեռք բերմանը և քաղաքապետի այն հայտարարությանը, որ սանմաքրում իրականացնող օպերատորներից մեկը հնարավոր է՝ լինի քաղաքապետարանը:

«Ովքե՞ր են իրականացնելու աշխատանքները, վարորդ, բանվոր, մաքրուհի, որտեղի՞ց եք ֆինանսավորելու, եթե տեխնիկական խնդիրներ եղան, ո՞վ է ծախսերը հոգալու»,-հարցրեց նա:

Վերջինս նկատեց, որ Երևանը երկու արևմտյան և արևելյան մասի է բաժանվել, և այժմ գործում է երկու օպերատոր՝«Սանիթեք ինթերնեյշնլ» և «Սանիթեք Արմենիան»: «Եթե Երևանի քաղաքապետարանն օպերատոր է դառնում, ինչպես են բաժանվում աշխատանքները, գուցե երեք մասի է բաժանվելու Երևանը: Բացի այդ, խոսակցություններ եմ լսել, որ  քաղաքապետարանը սանմաքրման մեքենաներ է ձեռք բերում և վարձակալության է տալիս «Սանիթեքին»»,-ավելացրեց ավագանու անդամը:

Հայկ Մարությանը նշեց, որ դեռևս քննարկումները գնում են, վերջնական որոշում չկա: Ինչ վերաբերում է գումարների հետ կապված հարցին, նա նշեց. «Այն գումարներից, որոնք պետք է գնան սանմաքրման համար, այսօր մոտ 5 միլիարդ 200 միլիոն դրամ է տրամադրվում աղբահանության  սանմաքրման ձնամաքրման աշխատանքների համար»,-ասաց նա:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ իր հերթին բարձրացրեց կոմունալ մեքենաների ձեռքբերման հարցը և հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում, որ 414 միլիոն դրամանոց գնումից 30 միլիոն դրամի շահույթ է ունեցել «Կամազ Արմենիան»:

Հայկ Մարությանը նշեց, որ չի տիրապետում տեղեկատվությանը, թե ով ինչ շահույթ է ունեցել և պետք է ուսումնասիրեն: