Ծայրամասերի մանկապարտեզների վիճակի մասին ամեն ինչ չէ, որ Ձեզ ճիշտ է ներկայացվում. Լյուդմիլա Սարգսյանը՝ Հայկ Մարությանին
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն այսօր ավագանու նիստին հարց բարձրացրեց, որ մանկապարտեզների վերանորոգման ցանկի մեջ ներառված են հիմնականում Կենտրոնին մերձակա համայնքների և ոչ թե ծայրամասերում գտնվող մանկապարտեզները:
Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ ինքը ապակենտրոն քաղաքականություն է վարում և գտնում է, որ բոլոր վարչական շրջանները պետք է զարգանան: Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ը նույնպես ծրագիր է իրականացնում, և գուցե այն տրամաբանությամբ են առաջնորդվում, որ այն վարչական շրջաններում, որտեղ ՄԱԿ-ն է զբաղվում, իրենք էլ մյուս համայնքներում վերանորոգում իրականացնեն:
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ վերանորոգման իրականացումը արվում է ըստ առաջնահերթությունների: «Հաշվի չենք առել, թե որ վարչական շրջանում է գտնվում մանկապարտեզը, հաշվի ենք առել այն, թե ինչ կարևորության խնդիր է»,- ասաց նա:
Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց, որ ոչ բարեկարգ մանկապարտեզներ կան Կենտրոնում:
«Գուցե կան, բայց սովորաբար Կենտրոնում գտնվող մանկապարտեզները ինչ-ինչ ճանապարհով նորոգում էին, իսկ ծայրամասերն ուշադրությունից դուրս են եղել: Պարո՛ն Մարության, իմ կարծիքով՝ Դուք թիրախային մի քանի մանկապարտեզ պետք է ընտրեք. գնացե՛ք, ստուգե՛ք և կտեսնեք, որ երբեմն ամեն ինչ չէ, որ Ձեզ ճիշտ է ներկայացվում»,- ասաց նա և կոչ արեց լավ ուսումնասիրել իրավիճակը:










