Փաստորեն, ձեր երկրում կան քաղաքացիներ, որոնց ներկայացնելու մանդատ չունեք. Փաշինյանը՝ Ալիևի՝ բանակցային գործընթացում ԼՂ ադրբեջանական համայնքին ներառելու մասին
Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատգամավորները խնդրեցին մանրամասնել, թե ինչ նկատի ուներ՝ ասելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ներկայացնում իր ողջ ժողովրդի կարծիքը:
Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ ՀՀ վարչապետը, այսինքն՝ կոնկրետ ինքը կարող է բանակցել ԼՂՀ հարցի կարգավորման համատեքստում միայն ՀՀ անունից, բայց չի կարող բանակցել Արցախի անունից, որովհետև Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել ՀՀ վարչապետ, ԱԺ ընտրություններին էլ չի մասնակցել: «Հետևաբար ո՛չ ԱԺ-ին, ո՛չ վարչապետին չի լիազորել որևէ տեղ բանակցություններին հանդես գալ իր անունից: Ղարաբաղի ժողովուրդն ունի իր ղեկավարությունը, ընտրությունների միջոցով ձևավորել է պետական իշխանության մարմիններ, որոնց տվել է իր անունից հանդես գալու լիազորություն, հետևաբար ասում ենք, որ հարցի համատեքստում Ղարաբաղի անունից պետք է հանդես գա Ղարաբաղի ներկայացուցիչը»,-ասաց նա:
Մյուս կողմից՝ ըստ նրա՝ պետք է արձանագրել, որ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և իրենք ասում են, որ Ղարաբաղի ներկայացուցիչը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ:
«Հիմա սրան ի պատասխան ի՞նչ է ասում Ադրբեջանը, Ադրբեջանն ասում է՝ լավ, դե որ դուք տենց եք ասում, մենք էլ կբերենք մեզ հետ բանակցությունների ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, այսինքն՝ այն ադրբեջանցիներին, ովքեր ժամանակին ապրել են Ղարաբաղում: Իսկ մենք ասում ենք՝ այդ մարդիկ այսօր էլ են մասնակցում բանակցություններին, որովհետև նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանց քվեարկությամբ է նաև որոշվում՝ ով է Ադրբեջանի նախագահը, հետևաբար այդ համատեքստում ունեն իրենց ներկայացուցիչը բանակցություններին՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ հիմա, եթե Ադրբեջանի նախագահն ի պատասխան հայկական կողմի այն քայլին, որ հայկական կողմը Ղարաբաղի հետ է ներկայանում բանակցային գործընթացում, ասում է՝ ինքն էլ Ղարաբաղի ադրբեջանական համայնքին է բերում բանակցություններին, իրենք բերում են հետևյալ փաստարկը. «Փաստորեն դրանով ասում եք, որ ձեր երկրում կան քաղաքացիներ, խոսքը նախկինում Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների մասին է, որոնց ներկայացնելու լիազորություն և մանդատ դուք չունեք, որովհետև, եթե ունեք, ինչո՞ւ եք ձեզ հետ բերում»:
Ըստ նրա՝ եթե ասեն՝ այո՛, կա նման վիճակ, հայկական կողմը կփորձի հասկանալ՝ կան այլ քաղաքացիներ, որոնց ևս Ադրբեջանի նախագահը չի ներկայացնում, ինչպես օրինակ՝ Թալիշ բնակիչները, ղազախները:










