Եթե Սիսիանի բոլոր խանութները ՀԴՄ տան, քաղաքացիներն էլ՝ պահանջեն, խնդիրն արագ կլուծվի. վարչապետը՝ քաղաքի վթարային շենքերի մասին
ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նախքան վարչապետին հարց ուղղելը նշեց՝ իր հարցը բնակչության անվտանգության մասին է, բայց ոչ թե արտաքին թշնամու հետ կապված ,այլ անտարբերության:
«Այս հարցը, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել եմ Լենինի ժամանակ, Ստալինի ժամանակ, բայց լուծում չեմ գտել»,- ասաց պատգամավորը:
Վարչապետը կատակեց . «Շատ լավ տեսք ունեք, ասեմ Ձեզ»:
Գրիգորյանը շարունակեց. «Հիմա ուզում եմ հասկանալ՝ հեղափոխական մեր իշխանությունը հեղափոխական քաղաքականություն վարելո՞ւ է Հանրապետությունում վթարային շենքերի անվտանգությունն ապահովելու համար»:
Նա նշեց, որ Սիսիանում բավականին շատ նման վթարային շենքեր կան:
Վարչապետն արձագանքեց. « Ես ձեզ այլ կերպ պատասխանեմ՝ հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո Սիսիանում քանի՞ խանութ է լինելու, որ ՀԴՄ է խփելու: Եթե Սիսիանի բոլոր խանութները ՀԴՄ կխփեն և քաղաքացիներն էլ ՀԴՄ կպահանջեն, շատ արագ կլուծենք այդ խնդիրը, եթե ոչ, ապա շատ դանդաղ կլուծվի: Եթե Սիսիանում ՀԴՄ չխփող խանութ չլինի, այդ խնդիրն արագ չի լուծվի»:
Գիրգորյանն էլ ասաց, որ իրեն քաղաքացի է մոտեցել և հարցրել, թե ինչո՞ւ ինքը պետք է պահանջի ՀԴՄ, որ ՊԵԿ ղեկավար իր քարտուղարուհուն պարգևավճար տա՞:
Վարչապետն ասաց, որ ինքն արդեն ասել է՝ պարգևատրման ֆոնդը կիսով չափ կրճատվելու է: «Այդ տրամաբանությամբ գնալու համար ՀԴՄ չխփելու պատճառաբանություն միշտ էլ կգտնվի»,- ասաց վարչապետը:
Ամալյա Առաքելյան










