Պայմանավորվածություն ունենք ներդրողի հետ, որ Շիրակ ՀԸ-ն կօտարվի այդ ներդրողին, և այդ աշխատատեղերը կպահպանվեն. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերում էր գործադիրի վերջերս ընդունած որոշմանը Շիրակի հանրային հեռուստաստուդիա ՓԲԸ-ն լուծարելու վերաբերյալ:
«Նման որոշմամբ Շիրակի մարզում աղքատության ու գործազրկության համատեքստում առանց աշխատանքի թողնել ևս 60 մարդու, ասել է, թե նույնքան ընտանիք, անընդունելի է»,-ասաց Գրիգորյանը: Նա շեշտեց, որ ՀԸ-ն ունի կայուն լսարան և մարզի հեռավոր գյուղերում, անգամ մարզկենտրոնում, որոնց հասու չեն թվայնացված հեռուստաալիքները, իրազեկման հիմանական աղբյուրն է: «Արդյոք հնարավո՞ր է՝ կառավարությունը որոշումը վերանայի»,-հարցրեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցն ունի քաղաքական և սոցիալ-տնտեսական կողմ: Քաղաքական մասով ասաց, որ Շիրակի հանրային հեռուստատեսությունը Հայաստանի հանրային հեռուստատեսության մասնաճյուղն է: «Հարց՝ ինչո՞ւ չկա հանրայինի մասնաճյուղ Արմավիրում, ինչո՞ւ չկա Լոռու հանրային ՀԸ , Սյունիքի հանրային ՀԸ, եթե մեր քաղաքականությունն այն է, որ մեր հանրային ՀԸ-ն պետք է մարզերում մասնաճյուղեր ունենա, ուրեմն բոլորում պետք է բացել: Բայց ենթադրվում է, որ ստեղծվել է այդ մասնաճյուղը նրա համար, որ սփռման սահմանափակումներ են եղել, բայց քանի որ հիմա սփռվում է ՀՀ ամբողջ տարածքով, և տրամաբանական չէ ևս մեկն ունենալը, կառավարությունն այս համատեքստում է արել այդ որոշումը»,-ասաց նա:
Սոցիալ-տնտեսական մասով վարչապետն ասաց, որ ունեն պայմանավորվածություն ներդրողի հետ, որ կառավարությունը Շիրակ ՀԸ-ն կօտարի այդ ներդրողին, և նա այդ աշխատատեղերը կպահպանի առնվազն առաջիկա մի քանի տարիներին կամ դրանից հետո էլ: «Այնպես որ, ըստ մեր պայմանավորվածության՝ այդ մարդիկ առանց աշխատանքի չեն մնա, և քաղաքական պայմանավորվածությունը կլինի ճիշտ և սկզբունքային»,-ասաց նա:










