Կենտրոնի շենքերից մեկի բակում տարածք ենք գտել 15-20 հոգու համար. քաղաքապետարանի արձագանքը՝ փողոցային առևտրով զբաղվողների՝ բացօթյա տաղավարների տրամադրման պահանջին

17:01 • 12.02.19

Փողոցային առևտրով զբաղվողները շարունակում են բողոքել  քաղաքապետարանից պահանջելով կա՛մ թույլ տալ իրենց շարունակել բացօթյա առևտուրը, կա՛մ ստեղծել խոստացված բացօթյա տաղավարները: Քաղաքապետարանից էլ հերքում են՝ տաղավարների անուն ոչ ոք չի տվել:

«Ի՞նչ բացօթյա տաղավարների մասին է խոսքը: Մենք խոսք ենք տվել տասնօրյա ժամկետում ուսումնասիրություններ կատարել, հնարավոր վայրերը գտնել, որտեղ կարելի կլինի ստեղծել փոքրածավալ գյուղատնտեսական շուկաներ: Խոսքը դրա մասին է, ոչ թե տաղավարի: Իսկ տաղավարը նույն բացօթյա առևտուրն է»,- Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի եւ սպասարկումների վարչության պետի պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը:

Սաֆարյանի փոխանցմամբ՝ Երևանում կա 24 շուկա, որտեղ առկա են ազատ 1540 վաճառատեղեր: Մինչդեռ բողոքողների ընդհանուր քանակը, ըստ Սաֆարյանի, տատանվում է 20-30 մարդու միջև:

«Այսինքն՝ 20-30 հոգի ուզում է՝ վաճառատեղեր ստեղծվեն հենց այն նույն վայրերում, որտեղ մինչ այդ նրանք աշխատում էին՝ պատճառաբանելով, որ արդեն ունեն իրենց հաճախորդները, իրենց տանը մոտ է և ընդհանրապես այդպես հարմար է: Երբեմն, տպավորություն է, թե դրանք զուտ կապրիզներ են»,-ասաց նա:

Սաֆարյանի պնդմամբ՝ խնդիրն այս պահին հողային ու շենքային պայմաններն են. անհրաժեշտ է, որ նոր ձևավորված շուկաները չխանգարեն այլ մարդկանց, քանի որ, երբեմն, շենքերի բնակիչները բողոքում են շենքի բակում ավելորդ աղմուկից:

«Առևտրով զբաղվողներից շատերը հունվարի սկզբից տեղափոխվել են շուկաներ: Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ միշտ նույն դեմքերն են բողոքողները: Ես բազմիցս իրենց հետ փորձել եմ զրուցել, նույնիսկ հրավիրել եմ ինձ մոտ: Ինձ անգամ թույլ եմ տվել հարցնել, թե ինչ եկամուտների մասին է խոսքը, որ այդպես գոռում-գոչում եք, թե աշխատանք չունեք, հացի խնդիր կա: Ինձ հայտնել են օրական 2000-3000 դրամի մասին, այսինքն՝ ամսական մոտ 60-90.000 դրամ»,-ասաց նա:

Փոխարենը, Հովիկ Սաֆարյանի վստահեցմամբ, կան այլ տնտեսվարողներ, ովքեր աշխատողների կարիք ունեն (բանվոր, ափսե լվացող, մատուցող, խոհարար) և առաջարկում են առնվազն 150.000 դրամ աշխատավարձ. «Երբ ես հայտնեցի այդ առաջարկի մասին բողոքողներին, նրանք արհամարհանքով մերժեցին իմ առաջարկը»:

«Փակ շուկային» հարակից տարածքում փողոցային առևտրով զբաղվող Գոհար Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով պաշտոնյայի այս հայտարարությունը, ասաց. «150.000 դրամ աշխատավարձով ո՞վ չէր գնա աշխատելու: Եթե ինձ առաջարկեին, ես, իհարկե, կդադարեի ամեն օր առավոտից երեկո գալ, փողոցում կանգնել ու առևտուր անել: Կամ տղայիս կուղարկեի, կաշխատեր, ընտանիքը կպահեր»:

Նրա խոսքով՝ բողոքելու է այնքան ժամանակ, մինչև հարցը պատշաճ լուծում ստանա:

Չնայած առևտրականների պնդումներին, թե իրենց խոսքին ականջ դնող չկա, Հովիկ Սաֆարյանը պատասխանեց՝ զբաղվում են այդ հարցով. «Ինչպես գիտեք, Կենտրոնի տարածքները խիստ սահմանափակ են, բայց մենք կարողացել ենք շենքերից մեկի բակում տարածք գտնել 15-20 հոգու համար: Մեզ դիմել է նաև շենքի համատիրության նախագահը, իրենք գտել են ներդրողի, ում հետ արդեն հանդիպել ենք: Շուտով նա պետք է մեզ ներկայացնի փաստաթղթերի ամբողջական փաթեթ, որը հաստատվելուց հետո շուկան կձևավորվի: Հիմա սպասում ենք»:

Քաղաքապետարանի պաշտոնյան շեշտեց՝ մինչև նոր շուկաների ձևավորումը անգամ այլընտրանքային տարբերակներ են մտածել. հանդիպել են գործող շուկաների տնօրենների հետ, պայմանավորվել, որ որոշ ժամանակ՝ մոտ 3-6 ամիս, իրենք այդ առևտրականներից գումար չվերցնեն կամ տաղավարները զեղչերով տրամադրեն:

«Բայց մեկ է՝ իրենք շարունակում են բողոքել: Տեսախցիկների առաջ նրանք, ովքեր հացի խնդրից են խոսում, դրանից դուրս հայտարարում են, որ գյուղերում ունեն ջերմոցներ, ֆերմաներ, քաղաքում վարձով բնակարաններ: Ի՞նչ հացի խնդրի մասին է խոսքը: Մարդը կոնկրետ բիզնեսով է զբաղվում ու մեզ ասում, թե լրացուցիչ պայմաններ ստեղծեք: Ես նրանց անվանում եմ «խղճի առևտրականներ»,- նշեց Սաֆարյանը՝ պատճառաբանելով, որ անընդհատ փորձում են մարդկանց խղճի վրա ազդել, թե հացի փող չունեն, բայց իրենց ապրանքը տեղադրում են արդեն իսկ կայացած խանութների դիմաց, որտեղ վաղուց սպառողների հոսք կա, տարիներով ձևավորվել են, հարկեր են վճարում, արդյունքում էլ անարդար մրցակցային դաշտ է ստեղծվում:

Աննա Կոստանյան